Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Մենք սիրում ենք Ձեզ, Վարպետ…

Մենք սիրում ենք Ձեզ, Վարպետ…
11.12.2015 | 12:14

Անվանի արվեստագետ, արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Կալիֆոռնիայի «Ի կյանս նշանավոր արվեստագետ» կոչման դափնեկիր, պրոֆեսոր Վլադիմիր Աթանյանը, գեղանկարիչն ու քանդակագործը, Ֆրանսիայի և Իտալիայի միջազգային բիենալեների դիպլոմակիրը, հիսունհինգամյա ստեղծագործական ու մանկավարժական ծանրակշիռ բեռն ուսերին դարձավ 75 տարեկան:

Ես հպարտության ու երախտագիտության զգացումով ուզում եմ գրել Վարպետի մասին, նկարագրել նրա մարդ տեսակը, արժևորել հայ ժողովրդին նրա տվածը, նրա արարածը։ Եվ այդքանի մեջ մտովի հասնում եմ վերջիններից մեկին` Գլենդելում 22 տարի առաջ հայր և որդի Վլադիմիր և Գոռ Աթանյանների հիմնադրած «Աթանյան արվեստի կենտրոնին»: ՈՒսումնական կենտրոնի ձեռքբերումները, անխոս, կապված են նաև դասավանդող մանկավարժների անվան հետ: Գոռ և Արտակ Աթանյանների, Թամար Խաչատրյանի, Պոլետ Զարգարյանի, Իրինա Սրապիոնյանի, Անի Վարդանյանի, Հարութ Դեմիրճյանի և երիտասարդ նկարիչ Վահան Աթանյանի ավանդն այս կենտրոնում անգնահատելի է, իսկ նվիրումը՝ անսպառ: Նրանք արվեստի իսկական շտեմարան են իրենց սաների համար և ապրում են յուրաքանչյուրի հաջողությամբ: Ինչո՞ւ են մտքերս ինքնաբերաբար դեպի «Աթանյան արվեստի կենտրոն» գնում: Շատերի նման ես էլ, սփյուռքաբնակ լինելով, վախենում եմ ամերիկյան այս բազմազգ, բազմախառն ու խայտաբղետ մշակույթների ազդեցության մթնոլորտում հազարավոր հայորդիների ձուլման վտանգից: Իսկ «Աթանյան արվեստի կենտրոնում»` նկարչության ու դիզայնի դպրոցում, այդ վտանգն ուղղակի փոշիացվում է: Ավելի քան երկու տասնամյակ երրորդ սերունդը կրթող հայ արվեստագետ-մանկավարժը դա անում է ամեն օր, ամեն վայրկյան, դա նրա բազմաթիվ շնորհներից մեկն է, դա նրա առաքելությունն է: Դպրոց մտնող սաներն առաջին հերթին փնտրում են Աթանյանին, եթե նույնիսկ նա փակված է աշխատասենյակում: Փոքրիկները կամացուկ բացում են դուռը, մոտենում Վարպետին, ջերմորեն ողջագուրվում, ստանում իրենց ոգեղեն բարևը, պարուրվում արվեստի շնչով ու նոր մոտենում նկարակալին: Ես հուզվում եմ, հուզվում են և ծնողները, հուզվում է և Վարպետը: Փոքրիկները գաղափար անգամ չունեն, թե ինչ մեծության հետ են շփվում, բայց ոգու կանչն իրենց մեջ է, իրենց երակներում: Իսկ Աթանյանը գիտե ինչ է տալիս և ինչպես է տալիս: Նրա տվածն անսահման է, նրա աչքերում միշտ ժպիտ է, սեր ու գորովանք, իսկ անկյունում թաքցրածն ու խնամքով պահածը արցունքի մի խոշոր քարացած կաթիլ է, որ հայրենիքի կարոտն է...
Նա դպրոցում միավորում է բոլորին, հարազատացնում է իրար, հղկում, սրբագրում ու դարձնում ամուր ընտանիք, որպես ազգի անքակտելի ու կարևոր կորիզ: Աթանյան դարբնոցի այս կորիզն ընձյուղներ է տալիս: Դրա ապացույցն են աշխարհով մեկ սփռված, նրա արմատից սնված պտուղները: Վարպետը կերտում է ցանկացած նյութից, շաղախից: Նա գունավորում է ու շնչավորում, ծանոթ է մարդու հոգու նուրբ տրոփյունին: Դրա համար էլ նրա քանդակներն անկրկնելի են և ինքնատիպ: Աթանյանն իր աշակերտների հետ աշխատելիս քանդակագործ է բառիս ամենալայն իմաստով: Նա չափազանց խիստ է ու պահանջկոտ, բայց միևնույն ժամանակ բարի ու ներողամիտ է... Աթանյանի մեջ անսահման սեր կա, նրա արվեստը սիրո արդյունք է:


Կյանքի տարբեր տարիներին ստեղծել է տարբեր ոճերի աշխատանքներ: Երևանը զարդարող նրա մի շարք մոնումենտալ գործերն ու հարթաքանդակները ներկայացնում են հայ ժողովրդի դարերի խորքից եկող պատմությունը, ազգային ոգին, ուժը, ավանդույթներն ու մաքրամաքուր կենցաղը: Նրա արվեստը կանգուն է մեր լեռների պես: Նրա մասին դեռ պատմելու են, այդ պատմությունն անվերջ է: Նրա կենտրոնական նյութն ու մեկնակետը կյանքի ու աշխարհի ներքին գաղտնիքը բացահայտելն է: Նա հասել է դրան, հիմա փոխանցելու ժամանակն է։ Փոխանցել է իր երեք նկարիչ որդիներին, իր աշակերտներին, թոռներին: Այսօր փոխանցում է այն սերնդի երեխաներին, որոնց կրթում է հայրենիքից հեռու:
Ստեղծագործություններից շատերը մշտապես ցուցադրվում են Միացյալ Նահանգների շուրջ տասը հեղինակավոր պատկերասրահներում: Նրա գործերը զարդարում են աշխարհի մեծ ու փոքր պատկերասրահները: Աթանյանը բազմիցս կազմակերպել է բարեգործական ցուցահանդեսներ: Ճանաչված մանկավարժը Միացյալ Նահանգների «Ով ով է» մատենաշարում նշվել է որպես ԱՄՆ-ի լավագույն ուսուցիչ: 75-ամյա եռանդուն արվեստագետի միտքը միշտ որոնումների մեջ է, նա շարունակում է ստեղծագործել: Մոնումենտալ և դեկորատիվ արվեստում նշանակալից են Գլենդելի Փասիֆիկ համայնքային Կոլորաման, Բրբանկ քաղաքի նկարիչների կոլոնիայի շենքի ճակատային մասում` Մուսա խեցեգործական խճանկարները:
Կես-կատակ ասում են. Աթանյանն ստեղծել է նոր ոճ` կախարդական ռեալիզմ: Ոմանք համոզված են, որ նա ֆիգուրատիվ էքսպրեսիոնիստ է: Ամերիկացի ճանաչված արվեստաբան Ռիչարդ Նաթանն իր հոդվածում գրել է. «Աթանյանն առաջինն է իր տեսակի մեջ, և ինչպես Բայրոնին` նրան էլ կարելի է համարել աշխարհի քաղաքացի»: Հոգով միշտ երիտասարդ պրոֆեսորը 30 տարի դասավանդել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիայում: Նրա աշակերտներից շատերը ճանաչված նկարիչներ ու քանդակագործներ են:
...Կրկին հայացքս ուղղում եմ «Աթանյան արվեստի կենտրոնին», այնտեղ կրթվող մեր ապագա սերնդին` փոքրից մինչև մեծ: Նրանք Աթանյան մեծության լավագույն քանդակներն են: Նա աննկատ կերտում է նրանց հոգիները, որի շնորհիվ զարմանալիորեն փոխվում են նաև փոքրիկների դիմագծերն ու դառնում ավելի հայեցի: Նրանք մեր սփոփանքն են, հայապահպանության հույսն ու հավատը: Նրանք իրենց ստացածը փոխանցելու են իրենց զավակներին: Աթանյանը նրանց մեջ է, բոլորիս մեջ, ու մենք ասում ենք` շնորհավոր հոբելյանդ, մեծ ուսուցիչ, մեծ արվեստագետ, մեծ եղբայր, մեծ հայր, մեծ պապ... Մենք Ձեզ հուսախաբ չենք անի, Դուք մեր մեջ եք, մենք սիրում ենք Ձեզ:

Նաիրա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ-ՓԵԼԹԵԿՅԱՆԻ
Գլենդել, ԱՄՆ

Դիտվել է՝ 1154

Մեկնաբանություններ